ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ազգի և ժողովրդի զենք ու զրահը նրա պատմությունն ու մշակույթի արժեքներն են

Ազգի և ժողովրդի զենք ու զրահը նրա պատմությունն ու մշակույթի արժեքներն են
18.09.2015 | 00:37

(սկիզբը`այստեղ)

Մեկ այլ փաստ էլ նշեմ: Պատմության ընթացքում Հայաստանի 12 մայրաքաղաքներից 5-ը` Երևանը, Արմավիրը, Դվինը, Վաղարշապատը և Արտաշատը, գտնվում են այսօրվա Հայաստանի տարածքում: Երևանից ու Վաղարշապատից բացի, մյուսները նույնիսկ չեն էլ ներգրավված տուրիստական երթուղիներում, և նրանց պեղված տարածքներն էլ մինչ օրս վերականգնման աշխատանքների կարոտ են:
Մշակույթի նախարարության ու նրա ենթակա հուշարձանապահպան կառույցների ամենօրյա մտահոգության առարկան պետք է դառնան վերոնշյալ ¥ինչպես և հնագիտական հուշարձանների պահպանության ու կոնսերվացման, նրանց վերականգնման¤ խնդիրները: Այնինչ այդ համակարգում գրեթե աշխատանքներ չեն կատարվում: Օրինակ, «Զվարթնոց» տաճարի հիմնաշարի 1-ին և 2-րդ շարքերի տուֆ քարերը մի քանի տասնամյակ է, ինչ քայքայվում ու փոշիանում են: Սակայն կանխարգելիչ աշխատանքներ այդպես էլ չեն իրականացվում: Գրեթե մոռացության է տրվել հուշարձանների ծածկերի վրայից բուսականության հեռացման, որմերին զանազան ներկանյութերով կատարված գրությունների մաքրման, հուշարձանների նորոգումների համար տվյալ քարատեսակների հանքերից քարահումք ձեռք բերելու աշխատանքները: Այդպիսի բազմաթիվ խնդիրներ կան նաև հուշարձանների վերականգնման նախագծերի, հանրապետության այլևայլ պահոցներում գտնվող գեղանկարչական և այլ արժեքների պահպանության գործում: Ավելին, այդ պահոցներից ժամանակ առ ժամանակ տասնյակներով կորսված-անհետացած արժեքների համար էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։
Այդպիսի դեպքերի նկատմամբ նման անտարբերությունը պարզապես մշակութաեղեռնագործություն է: Անհանդուրժելի է այսպիսի հանցավոր լռություն պահպանելը կամ շրջանցելը: Այսպիսի անհանդուրժելի մթնոլորտը, եթե այսօր սխալ ու բացթողումներ պարունակող ենք դիտում, ապա վաղը վերածվելու է մշակութային ողբերգության: Ասել է` ամեն ջանք պետք է գործադրել, որ արժանավայել սերունդ-ժառանգորդ դաստիարակվի: Եվ երբեք չպետք է մոռանալ, որ մեր հուշարձաններն ու նրանց պահպանության բնագավառի խնդիրները ունեն գերզգայուն նշանակություն: Քանզի մեր այսօրվա երիտասարդ սերունդը դեռևս այնքան էլ լավ չի ճանաչում մեր հուշարձանները, անցյալի ու ժամանակակից մեր մեծերին: Եթե լավ ճանաչեր, ինչպես վերևում նշեցի, ապա դժվար թե Երևանում պղծեր ու վանդալական արարքների ենթարկեր մեր մեծերի գերեզմանային հուշարձանների մաս կազմող մետաղական կիսանդրիները և կատարեր այլ անվայելուչ արարքներ:
Ի միջի այլոց, հանրապետությունում երբեմն-երբեմն մեր մեծերին նվիրված և իրականացվող միջոցառումներն էլ մեծ մասամբ ձևական բնույթի են: Քանզի այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները ինչպես ցածր մակարդակի, այնպես էլ խիստ անձնավորված են: Մի խոսքով, դեռևս հավուր պատշաճի չեն կատարվում մեր մեծերի կերպարները թե՛ արժևորելու և թե՛ նրանց կերպարով երիտասարդությանը դաստիարակելու աշխատանքները: Օրինակ, ոչ հեռու անցյալում, հենց անկախացած Հայաստանում, մեր աչքերի առաջ, անտեսվեցին կամ էլ մոռացության ենթարկվեցին աշխարհահռչակ այնպիսի մեծերի գործն ու վաստակը, ինչպիսիք են Վիկտոր Համբարձումյանն ու Սերգեյ Մերգելյանը, Գոհար Գասպարյանն ու Օհան Դուրյանը: Իսկ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը մեր աչքերի առջև պարզապես սովամահ եղավ 1995-ին, բանաստեղծ Համո Սահյանը` 1993-ին: Համո Սահյանի երկրպագու Շչորս Դավթյանի վկայությամբ, բանաստեղծն իր կյանքի վերջին տարիներին մատնվել էր անուշադրության: Ծանր կացության մեջ հայտնված և հիվանդ բանաստեղծը, հրապարակախոս, գրականագետ Շչորս Դավթյանին ուղղակի ասել է. «Գիտեի, որ ամեն ինչից կարող եմ մահանալ, բայց չէի պատկերացնում, որ կմեռնեմ սովից»: Ահա մեր նորանկախ պետության վերաբերմունքը մեր մեծերի նկատմամբ: Այս ցանկը, որքան էլ անցանկալի լինի, շարունակություն ունի: Եթե մի քիչ էլ հետ գնանք, ապա ստիպված ենք վերհիշել թե ինչպիսի ցավ ու հոգսեր են պատճառել Կոմիտաս Վարդապետին: Էլ չեմ ուզում խոսել անձի պաշտամունքի տարիների մասին, երբ Ստալինից ու Բերիայից ավելի Ստալին ու Բերիա ենք եղել:
Մեր ժողովրդի նյութական ժառանգության բնագավառը, ըստ իս, պետք է ղեկավարեն ազգային ու պետականակերտ մտահոգություններով այրվող-վառվող հեղինակություն ու կենսագրություն ունեցող գործիչներ:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ